Անվտանգության ապահովում

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
— Ի՞նչ է պատահել:
— Ի՞նչ վտանգ կա:
— Քանի՞ տուժած կա:
— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:
Ավտովթար

Եթե մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա: Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթեւեկության ուղղությունը: Ավտովթարի ժամանակ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք եւ տուժածներին շտապ տեղափոխեք դեպքի վայրից: Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դրանք կարող են հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ:


Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ

Մարդը կարող է հոսանքից հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին: Մինչեւ տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը եւ այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք լարը կամ սարքը տուժածից հեռացնել որեւէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ:
Բարձր լարման հոսանք: Եթե տեսնում եք կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր հեռավորության վրա, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչեւ այդ հեռավորությունը: Տուժածին կարող եք մոտենալ միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ վթարային ծառայությունները հոսանքազրկել են տվյալ հատվածը:
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են: Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից: Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության պատճառով հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ:

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:


Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել: